Նորություններ ավագանիների և նրանց աջակից խմբերի մասին


Եղեգնաձորը նաև մարզկենտրոն է, ուրեմն պետք է համապատասխանի ընդունված չափանիշներին


Վայոց ձորի կին ավագանիները շատ չեն, բայց նրանց կատարած աշխատանքների սկիզբը բավականին խոստումնալից է: Իմ զրուցակիցը դարձյալ տիկինԳայանեն է՝ ակտիվ հասարակական գործիչ, որը շատ ինքնատիպ նպատակներ է ծրագրել իրականացնել: Նա միակ կին ավագանին է Եղեգնաձորում:
-Իմ շրջապատում կան շատ առաջնորդ կանայք, որոնք կարող են մեծ արդյունավետությամբ աշխատել ավագանու կազմում: Ինչու նրանց ընտրությունների ընթացում քիչ են ընդառաջում. միթե դեռ հասարակությունը պատրաստ չէ: Ինչքան էլ փորձում ենք կոտրել կարծրատիպերը, միևնույն է, այդ դաշտում իրավունքները հավասար չեն: Իմ կարծիքով պետք է սահմանվեն քվոտաներ:
-Իսկ ինչ նորություններ ունեք մեզ հաղորդելու ավագանու նիստերից:
-Մենք բոլորս շատ ենք սիրում մեր քաղաքը: Եղեգնաձորը նաև մարզկենտրոն է, ուրեմն պետք է համապատասխանի ընդունված չափանիշներին: Այդ առումով իմ և մի քանի ավագանիների կողմից եղան առաջարկություններ՝ տեսքի բերել քաղաքի արտաքին տեսքը: Այդ քննարկումների արդյունքում մենք ունեցանք դրական տեղաշարժ, որը հավանության է արժանացել մեր բոլոր համաքաղաքացիների կողմից:
ք.Եղեգնաձոր
-Եվ որն է այդ ձեռքբերումը:
- Բոլոր խանութներին և առևտրի սրահներին քաղաքապետի կողմից ցուցում է տրվել ձերբազատվել փողոցային ցուցադրումներից և առևտրից: Կան բարձր մշակույթի ցուցադրումներ, իսկ եթե ձեռնարկատերերի հնարավորությունները չեն ներում, գոնե պետք է հրաժարվեն ուղղակի մայթերի վրա ցուցանմուշները կախելու հետամնաց սովորությունից: Մենք արդեն մի քանի օր է՝ մեր քաղաքը տեսնում ենք կերպարանափոխված և շատ ուրախ ենք նման դրական տեղաշարժի համար:
-Բոլոր եղեգնաձորցիների կողմից շնորհակալություն ձեզ՝ ակտիվ ավագանիներիդ և իհարկե քաղաքապետ պարոն Դ.Հարությունյանին: Դուք բոլորդ հրաշալի էիք պատրաստել մեր քաղաքը Ամանորի գեղեցիկ տոնակատարությանը: Կսպասենք նոր գործերի և շարունակական հաջողությունների:

-Մենք էլ ենք շնորհակալ, որ գնահատում եք մեր աշխատանքների սկիզբը: Դա պարտավորեցնում եմ մեզ ավելին անելու:
Նորավանք
_____________________________________
Եթե նպատակ, ուրեմն՝ գործ


Թամարա Ղազարյան
Վայոց ձորի կանայք միշտ էլ ակտիվ են եղել հասարակական կյանքում: Դրա վառ վկայությունը տիկին Թամարան է: Բավականին հասուն տարիք ունի նա, տղաներն էին ցանկանում ավագանի դառնալ, բայց մոր հաստատուն կամքը՝ դառնալու ավագանի՝ սեփական քաղաքի հոգսերը թեթևացնելու համար, այնքան որոշակված էր, որ տղաները տեղի տվեցին: Կյանքի երկար, շա¯տ երկար տարիների փորձ ունի Թամարան, անսահման հարգանք, վստահություն՝ շրջապատում. ուրեմն զուր չեն եղել տարիները: Հենց այնպես չեն քաղաքացիները սիրով քվերակում թեկնածուի օգտին, այդ պարագայում հարկ չի լինում անգամ համոզել ընտրողին: Ընտրողը պարզապես լսում է իր հոգու ձայնին և տալիս է իր վստահությունն իր ընտրյալին: Եվ պետք է այնպես աշխատել տարիների ընթացքում՝ ապացուցելու համար, որ ճիշտ էր մարդկանց ընտրությունը: Այդպիսին է Թամարա Ղազարյանը:
Համայնքային հանդիպում Վայքում

Նրա տոհմի ծառն է այդպիսին՝ Ղազարյաններ, որոնք ինտելեկտի, գիտելիքների և նոր մտածողության կրող մարդիկ են և մեծ դեր են ունեցել հայրենի երկրի շենացման գործում: Իսկ տիկին Թամարան իր չափով կարողանում է շարունակել բարձր պահել արժանապատիվ հարազատների ստեղծած պատիվը, արժեքները: Այսօր էլ նա ակտիվ ավագանի է: Վայքում նրան բոլորն են ճանաչում՝ մեծից փոքր: 

-Ես ուրախ եմ, որ պատասխանատվություն եմ կրում որպես նորընտիր ավագանի: Վայք քաղաքում սիստեմատիկ գումարվում են ավագանու նիստերը: Քննարկվել և հաստատվել է տարեկան բյուջեն: Ես շատ ակտիվ եմ եղել բոլոր քննարկումներին: Հատկապես առաջ եմ քաշել բազմաբնակարան շենքների բակերի բարեկարգման հարցը, որը արժանացել է հավանության: Եթե բակերը վերանորգվեն, ես էլ իմ հերթին կաշխատեմ իրականություն դարձնել մանկական խաղահրապարակի հիմնումը: Հավատացած եմ, որ ինձ կաջակցեն նաև միջազգային կազմա-կերպությունները և մեր համայնքի ակտիվ մարդիկ: Շատ ակտիվ քննարկումներ եղան հունվարի 23-ին կայացած ավագանու նիստին: Երբ ՀՀ նախագահը եկավ Վայք, ես չկորցրի նաև պատեհ առիթը՝ նրա ուշադրությունը հրավիրելու մեր քաղաքի խնդիրների վրա: Երբ ակտիվ ես լինում, խոսքը դառնում է գործ,-ժպիտով եզրափակեց Թամարա Ղազարյանը: 

Ես կարծում եմ, որ արժե օգնել տիկին Թամարային՝ իրականացնելու իր նպատակներից առաջնայինը. նա ներդնում է իր բոլոր ջանքերը, իսկ մենք պետք է խթանենք նրա անսասան կամքն ու նպատակասլացությունը:
__________________________________________

Տանյա Մարտիրոսյան. Կանայք շատ բան կարող են փոխել և ես շատ եմ ուզում, որ իմ ընտրողները դրանում համոզվեն

Իմ զրուցակիցը Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի կին ավագանի Տանյա Մարտիրոսյանն է: Նա ավագանու աշխատանքը համատեղում է տարածաշրջանում իր մյուս առաքելության հետ`գյուղական համայնքների բժշկուհի, որին այնպես սպասում են իր այցելուները: Բժշկի մասնագիտությունն արդեն իսկ շատ բան է ասում մարդկանց հետ աշխատելու հոգեբանական մոտեցման մասին: Գուցե հենց այդ էր պատճառը, ու Տանյան այդքան շատ քվե ստացավ իր համագյուղացիներից:
-Որպես ավագանի ՝ ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա ընթացքում:
Համայնքային  հանդիպում

-Ծրագրեր իհարկե շատ կան, բայց ուզում եմ սկսել ամենափոքրիկ ձեռնարկից, որը կարծում եմ՝ իրականություն կդառնա: Իմ առաջարկությամբ և խնդրանքով գյուղապետարանը տարածք է հատկացրել գյուղի կենտրոնական մասում, որպեսզի երեխաների համար խաղահրապարակ ստեղծվի: Գիտեմ, որ պետք է դոնոր կազմակերպություններին դիմեմ, կօգնեն նաև գյուղի բնակիչները. նրանք պատրաստ են այդ հրապարակի շուրջ փոքրիկ պուրակ հիմնել, տնկիներն արդեն խոստացել են, որոշել ենք դեկորատիվ ծառեր տնկել, կանաչ տարածություն ապահովել, որ մանուկներն իրենց լավ զգան: Մանկությունը պետք է գունագեղ անցնի, որպեսզի ամբողջ կյանքում վառ մնան այդ գեղեցիկ հուշերը:
-Ձեզ հաջողություններ ենք մաղթում, գաղափարների իրականացում և անմնացորդ նվիրում Ձեր երկու կոչումներին:

Քարագլուխ, ավագանու նիստ
-Շնորհակալ եմ և հուսով, որ կօգնեք ինձ գտնել այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել կին ավագանիներին՝ առավել ակտիվ և համոզիչ աշխատելու համար: Չէ՞ որ կանայք իրենց էներգիայով և դրական էմոցիաներով շատ բան կարող են փոխել մեր կյանքում:
Ես շատ եմ ուզում, որ իմ ընտրողները դրանում համոզվեն:
____________________________________________________

Գոմքում նպատակները դառնում են ծրագրեր

Ամանորի նախօրյակին բոլորը պատրաստվում են զանազան գնումների, մինչդեռ Գոմքի համայնքապետարանն անհրաժեշտ էր համարել անցկացնել 2012 թվականի վերջին ավագանու նիստը: Ընդհանրապես ճիշտ է տարվա վերջում ամփոփել արածն ու չարածը, նոր ռազմավարական քայլեր մշակել և խմբովին քննարկել: Ամենից շատ ակտիվ էր կին ավագանի Նունե Ավագյանը: Գյուղում նրան բոլորն են ճանաչում որպես ակտիվ և գործունյա կնոջ, ուստի միշտ նրա կողքին են թե երիտասարդները, թե հասուն մարդիկ: <ՄերՆունեն>, -այսպես են կոչում նրան:

Գոմք, համայնքային հանդիպում
-Ես ուրախ եմ, որ այսպիսի մայրիկ ունեմ, նա ոչ միայն խելացի առաջարկություններ է անում համայնքապետարանի կազմակերպած նիստերին, այլև ձեռնամուխ է լինում դրանց կատարմանը- անթաքույց հպարտությամբ ասում է դուստրը՝ Անին:
Իրոք, Նունեն շատերի համար է դարձել օրինակելի կերպար: Գյուղում նախկինում մի քանի մեծ ու փոքր ծրագրեր են իրականացվել, և այդ ծրագրերի իրականացման ընթացքում Նունեն ամենաակտիվն է եղել, կազմակերպիչն ու համայնքի բնակիչներին համախմբողը: Նա ուսուցչուհի է, շատ սիրում է իր սաներին, գուցե հենց նրանց հոգսերի մտահոգությամբ է ցանկանում դպրոցի մարզադահլիճի վերանորգման ծարգիր կազմել և դոնոր կազմակերպություններ փնտրել:

-Ես երբեք չեմ հուսահատվում, պայքարում եմ այնքան, մինչև որ իմ գաղափարները դառնան իրականություն: Բացի այդ իմ ընտրողներին ես խոստումներ եմ տվել, իսկ ես պատասխանատու եմ դրանք գործի վերածելու դժվարին գործում: Եթե մարդը կամք է դրսևորում, ուրեմն նա կարող է մի լավ բան անել իր համայնքի համար:

Գոմք, Նունե Ավագյան 
Մեր համայնքն իմ մեծ ընտանիքն է: Մեր գյուղում բոլորս ենք այդպես մտածում: Սիրում ենք մեր հեռավոր գյուղը և շատ ենք ուզում փոխել համայնքի կյանքը, դարձնել ավելի բարեկեցիկ: Այդ դեպքում մարդիկ չեն հեռանա, արտագաղթն էլ կպակասի: Ես ինձ ավելի գնահատված կզգամ, երբ իմ համագյուղացիների կայնքի որակի մի փոքր փոփոխություն կարողանամ կատարել:Գուցե դժվար է, բայց ես չեմ ընկրկում դժվարությունների առաջ: Ավագանու վերջին նիստի ժամանակ ես խնդրել եմ գյուղի կանանց տրամադրել մի բարեբեր տարածք, որտեղ մենք պտղատու ծառերի այգի կհիմնենք: Մնացած տեխնիկան իրավասու մարդկանցից եմ խնդրելու: Հարկավոր է, որ պատկան մարմիններն ու միջազգային կազմակերպություններն աջակցեն այն համայնքներին, որտեղ հասարակությունը համախմբված է և կարող է իր ներուժն ի սպաս դնել հանուն համայնքի զարգացման: Եկեք Գոմք, և դուք կհամոզվեք:

Շնորհակալություն, Նունե, հրավերի համար, կարծում եմ կկայնա մեր այցը, քանի որ Ձեզ նման եռանդուն հայրենասեր անհատին իսկապես անհրաժեշտ է օժանդակել՝ միաժամանակ խթանելով կին ավագանու գործունեությունը: Հավատացած եմ, որ եթե ամեն հայ Ձեզ նման սիրի իր համայնքը, մեր երկրի խնդիրներն ավելի արագ և հիմնովին կլուծվեն: Հավատում եմ նաև Ձեր աշխատանքի արդյունավետությանը:
___________________________________________

Բարձրաձայնած խնդիրը լուսավորության մասին, լուծվեց առաջնահերթ

Դասընթացների,  կլոր սեղան հանդիպումների և տարբեր քննարկումների ժամանակ Եղեգնաձոր համայնքի ավագանիԳայանե Հարությունյանը ամենահրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը քաղաքի բանուկ փողոցների լուսավորության ապահովումն էր:

Եղեգնաձոր համայնքը գիշերով
- Ճիշտ է, բոլոր խնդիրներն էլ կարևոր են, սակայն Եղեգնաձորը, քաղաք լինելով հանդերձ, նաև մարզկենտրոն է, ուստի շատ անհրաժեշտ է ունենալ լուսավոր քաղաք: Քաղաքի նմանվող քաղաք,որ մենք էլ մեզ լավ զգանք: Ես ինձ շատ գնահատված զգացի, երբ առաջնահերթությունը տրվեց այս խնդրի լուծմանը: Երբ ես բարձրաձայնեցի հարցը, մյուս բոլոր ավագանիներն աներկբա հաստատեցին, որ շատ արագ պետք է հենց այս հիմնախնդրին տալ լուծում: Ինձ միացան բոլորը, երբեք չմտածեցի, որ կարող եմ իմ առաջարկությամբ միայնակ լինել: Մյուս ավագանիները տղամարդիկ են ու առաջին հերթին ուշադրությամբ լսում են միակ կին–ավագանուն: Գիտեն, որ շատ հետամուտ եմ իմ նպատակները գործերի վերածելու հարցում,-հպարտորեն ասում է Եղեգնաձոր քաղաք իավագանու անդամ Գայանե Հարությունյանը:
- Տիկի´ն Գայանե, իսկ ինչպե՞ս եք բացահայտել հիմնախնդիրները:
-Ես <Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն> հասարակական կազմակերպության նախագահն եմ: Կազմակերպությունը շատ ակտիվ դերակատարում ունի ոչ միայն քաղաքի, այլ ընդհանրապես մարզի հանրային կյանքում. մենք հաճախ ենք հարցախույզ անցկացնում, հանդիպում ակտիվ մարդկանց հետ, զրուցում, քննարկում քաղաքի ապագային առնչվող բազմաթիվ հարցեր:
-Ես կազմակերպության երիտասարդ անդամներից եմ, սիրում եմ հասարակական աշխատանքը,դրա համարէլ անդամագրվել եմ: Երբ մեր նախագահն ընտրվեց ավագանու անդամ,բոլորս համոզվեցինք, որ այսպես ավելի հեշտ կլինեն տարիներով բացահայտված հիմնախնդիրների լուծումները: Քաղաքի երիտասարդներս մեր ծնողներից լսել ենք, որ տարիներ առաջ մեր քաղաքում եղել է երիտասարդական ծառուղի, որը կոչվել է Փակ փողոց, մենք ուզում ենք, որ մեր ընտրյալ ավագանին առաջիկա պլանում այդ խնդիրը ներառի և հետամուտ լինի այն վերականգնելու հարցում,-ավելացրեց ուսանողուհի Լուսինեն:

Դե, մեզ մնում է հաջողություն մաղթել մեր կին ավագանուն՝ Գայանե Հարությունյանին, որպեսզի նա առավելագույնս հասնի իր ծրագրերի իրականացմանը: 
_________________________________________

Վայոցձորցիները համայնքային հիմնախնդիրների լուծման ուղիներ են փնտրում

Եղեգնաձոր համայնքի ավագանու
անդամ Գայանե Հարությունյան
Շուրջ մեկ ամիս է բժշկուհի Գայանեն որոնումների մեջ է, անհանգիստ է, մտահոգ, ուզում է իր սիրելիԵղեգնաձորում մի լավ գործ կատարել, որից կշահեն բոլորը: Նա հասարակական կազմակերպություն է ղեկավարում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, այդ մասին գիտի յուրաքանչյուր եղեգնաձորցի, բայց հիմա…
-Հիմա ես արդեն ուզում եմ ակտիվ ավագանի լինել, քաղաքի 11 ավագանիներից միայն ես եմ կին, բայց այնքան շատ կառուցողական առաջարկություններ և գաղափարներ եմ առաջ քաշում, որ կարծես արտահայտում եմ բոլոր կանանց կարծիքը, ցանկությունը: Կանայք ավելի շատ են հակված կյանքի որակի արագընթաց բարելավմանը, ուստի ես յուրաքանչյուր գաղափարի համար առաջարկում եմ նաև լուծումներ: Շատ եմ ուզում, որ ավագանիների համար նախատեսված սենյակում ես պարբերաբար հանդիպումներ ունենամ իմ համաքաղաքացիների հետ:
Առաջին նիստում ընտրվել եմ հոգաբարձուների և խնամակալության հանձնաժողովի անդամ: Ամեն ինչ կանեմ, որ իմ քաղաքը զարգանա, ուստի այդ առումով կարևորում եմ բազմաբնույթ համայնքային ծրագրերի իրականացումը Եղեգնաձորում:

Արենի համայնքի ակտիվ 
կանանց խումբ
-Իսկ Արենին շատ հայտնի գյուղ է, ամեն տարի հանրապետական նշանակության փառատոններ են անցկացվում, բացի այդ գյուղն ունի հարուստ ավանդույթներ, հին պատմություն և հայտնի է իր մաշակութային ակտիվ կյանքով,- հպարտորեն ասում է գյուղի նորընտիր ավագանի Արմենուհին:- Ես գյուղի դպրոցի կազմակերպիչն եմ, ու շատ եմ շփվում հասարակության լայն շերտերի հետ: Մեր գյուղը նաև կին-համայնքապետի թեկնածու ուներ՝ Մարիամը: Մենք՝ Արենի համայնքի կին քաղաքացիներս, շատ ակտիվ ենք մեր մտածելակերպով, գործերով, բայց վերջին ժամանակներս մի տեսակ անտարբեր ենք դարձել, բավականին ինքնամփոփ: Գիտենք, որ պետք է փոխվենք: Գյուղի կանայք կողջունեն մեր ամեն ծրագիր, որի արդյունքում կշահեն թե երեխաները, թե ծերերը: Ի դեպ, իմ համագյուղացիները պատրաստ են իրենց աշխատանքային ներդրումն ունենալ, եթե մի լավ գործ ձեռնարկվի գյուղի զարգացման համար: Մեր երեխաները խաղահրապարակ չունեն, մանկապարեզի բացակայությունը գորշ ու միօրինակ է դարձրել փոքրիկների առօրյան: Ուզում ենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Դե եթե որոշել ենք, ուրեմն կստացվի:

Իսկ ահա Թամարա Ղազարյանը վայոցձորցի ամենափորձառու հասարակական գործիչն է՝ փառահեղ կենսագրությամբ, լի ավյունով, անսպառ եռանդով: Նա հոգնել չունի, իսկ գաղափարներն ու երազանքներն այնքան շատ են, որ չգիտի՝ որտեղից սկսի.
Թամարա Ղազարյանին
աջակցող խմբի անդամներ
-Ես շատ եմ սիրում իմ Վայք քաղաքը. այն որքան գեղեցիկ է, այնքան էլ հիմնախնդիրներ ունի, որոնք լուծման կարիք ունեն: Իմ տարիների երկար աշխատանքն ու իմաստությունն օգնում են ինձ արագ կողմնորոշվել, ճիշտ գործելակերպ ունենալ, միայն այդպես կարող եմ իմ նպատակներն իրականացնել… Շատ են դրանք, բայց մեկն առանձնացրել եմ ու արդեն այդ մասին հարց եմ բարձրացել առաջին նիստին: Մեր քաղաքը չունի մանկական զբոսայգի, իսկ դրան սպասում են անմեղ ու քնքուշ մանչուկները: Շատերի մանկական երազանքներում այն մնացել է չիրականացած երազ: Ես իմ պարտքն եմ համարում երջանկացնել փոքրիկներին իրենց գունագեղ աշխարհով:
Ուրախ եմ, որ որպես ավագանի՝ վայելում եմ մարդկանց հարգանքն ու վստահությունը: 

Նրանք կարևորում են թիմային աշխատանքը

Եղեգնաձոր, Վայք, Աղնջաձոր, 
Գոմք և Քարագլուխ համայնքներ
Շուրջ մեկ ամիս կանայք գրում, մշակում էին իրենց ծրագրերի ռազմավարությունը, քանի որ ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների ընթացքում նրանք սովորեցին հստակ ձևակերպել նպատակները և գտնել ուղիներ՝ համայնքային խնդիրներն իրականացնելու համար: Վայոց ձորի կին ավագանիները ակտիվ են, ինքնատիպ և վստահ սեփական ուժերին, նրանք աշխատանքային խմբով են վեր հանել իրենց համայնքերին բնորոշ հիմնախնդիրները: Կարևորն այն է, որ անպայման ուզում են որևէ ծրագրային առաջարկով հանդես գալ և գտնել ֆինանսավորման հնարավորություն՝ լավ գործ իրականացնելու համայնքների բնակիչների համար: Հարկավ, բավականին նպատակային ու պատասխանատու են կանայք, լոկ խոսքեր չեն, որ հնչեցնում են, խոսքերը դառնալու են կոնկրետ գործեր: Այդպիսի հավատամքով էլ նրանք սկսեցին իրենց գործունեությունը՝ որպես նորընտիր ավագանու անդամներ: Եվ ահա ծրագրի շրջանակներում անցկացված հանդիպումների ժամանակ կին ավագանիները պատմեցին առաջին նիստին իրենց մասնակցության մասին:


Լիանա Ավետիսյանին աջակցող
խմբի անդամներ
Լիանա Ավետիսյան /Աղնջաձոր/

-Հոկտեմբերի վերջին կայացավ առաջին հանդիպումը: Բոլորն ավելի շատ ինձ էին ողջունում, քանի որ մեր գյուղում ես առաջին կին-ավագանին եմ: Նիստին մասնակցում էին 5 ավագանիներից 4-ը: Օրակարգային 3 հարցերից մեկին տրվեց առաջնայնություն և արժանացավ բոլորի հավանությանը՝ համայնքի մի տարածք հատկացնել Ղարաբաղ Տելեկոմ կազմակերպությանը, որը, հավատացած եմ, պատշաճ կբարեկարգի և կզարգացնի: Դրանից անշուշտ կշահեն նաև համագյուղացիներս: Առաջին նիստին ես և լարված էի, հուզված, բայց դա տևեց մի քանի րոպե, հետո ինքնավստահությամբ լցվեցի, քանզի մթնոլորտը տրամադրող էր, չկար որևէ կաշկանդում կամ խոչընդոտ: Նման վերաբերմունքի համար շնորհակալ եմ համայնքի ղեկավարին և մյուս ավագանիներին: Հիմա մշակում եմ մի առաջարկ, որը ինձ աջակից խմբի հետ եմ բացահայտել: Այն կվերածեմ ծրագրի, լիահույս եմ, որ կգտնվեն համապատասխան դոնոր կազմակերպություններ: Մեր գյուղի բնակիչներն ինձնից մեծ սպասելիքներ ունեն… ինձ մնում է աշխատել և արդարացնել մարդկանց հույսերը:

Քարագլուխ համայնքի
ավագանու նիստ
Տանյա Մարտիրոսյան /Քարագլուխ/

- Ես նույնպես միակ կին-ավագանին եմ համայքում, իսկ ավելի անկեղծ՝ ընդհանրապես առաջինը մեր գյուղում, այդ առումով շատ եմ ուզում, որ իմ գործունեության սկիզբը լինի խոստումնալից և արդյունավետ: Մարդիկ հոգնել են սին խոստումներից, ուզում եմ իմ գործելակերպով ընտրողներիս համոզել, որ կին ավագանին ավելի նպատակային է և պատասխանատու: Առաջին գաղափարը, որը շատ եմ ցանկանում կյանքի կոչել, գյուղի երեխաների համար մանկական փոքրիկ զբոսայգու հիմնումն է: Այն իրականացնելուն է ուղղված լինելու իմ ջանքերն առաջիկայում:

Նունե Ավագյանին  աջակցող
խմբի անդամներ
Նունե Ավագյան /Գոմք/

- Շատ յուրօրինակ համայնք է Գոմքը, տարիներ առաջ այն բնակեցված է եղել ադրբեջանցիներով, հիմա տարբեր տեղերից այստեղ են հավաքվել մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը մեր օրերի հերոս է: Ապրել այդպիսի աշխարհագրական դիրք ունեցող գյուղում և արձանագրել իրական առաջընթաց, իսկական հերոսություն է: Գյուղի հանրությունը հիշեցնում է մի մեծ ընտանիք, որոնցից ամեն մեկն իր ներդրումն ունի համայնքի զարգացման գործում: Ապրում ենք մեկս մյուսով, միմյանց օգնելով, ընդհանուր սիրո և փոխըմբռման մթնոլորտում: Առաջին հայացքից գյուղ այցելողին գրավում է հենց այդ միասնությունը, որի արդյունքում մեր համայնքն ունի ձեռքբերումներ: Գոմքում կին ավագանիները երեքն են, իսկ գործերը՝ շատ: Դրա համար էլ կա աշխատանքի հստակ բաժանում: Մենք պատրաստ ենք մեր ուժն ու եռանդը ներդնել հանուն մեր համայնքի բարօրության: Առաջիկա ամիսների ռազմավարության մեջ նպատակ ունենք վերանորոգել և աշակերտների համար հարմարավետ դարձնել դպրոցի սպորտային դահլիճը:

Գովելի է, որ մեր կին ավագանիները իսկապես ընտրյալներ են: Հուսով ենք, որ նրանք իրենց նոր գործերով կշարունակեն կիսվել մեզ հետ:
______________________________________

Վայոց ձոր. Կին ավագանիների ծրագրերը և նպատակները


  Առաջին տպավորությունը, որ ես ստացա կին ավագանիների և նրանց աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպումից, այն էր, որ նրանք գիտակցաբար են ցանկացել դառնալ ավագանի, նանք բոլորն էլ լի են իրենց համայնքներում էական փոփոխություններ իրականացնելու անսասան ցանկությամբ: Կանայք այլ կերպ են մոտենում հիմնախնդիրներին, նրանց համար կա մի ակնհայտ նպատակակետ՝ հասնել բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի, որպեսզի իրենց երեխաների և թոռների ապագան ավելի որոշակի լինի ու զգալի ապահով: Կյանքի որակը հարկավոր է փոխել, այսօրվա ապրելակերպի պահանջն այլ է: Ամեն լավ գործ նրանք պատրաստ են անել սիրով, մեծ ջանքեր ներդնելով և ամենաբարձր պատասխանատվությամբ:

-Ինչպես հայ կինը վարում է իր օջախի տնտեսությունը, այդպիսի խնամքով էլ նա հանդես կգա համայնքի յուրաքանչյուր հիմնախնդիր լուծելիս: Նա չի զլանա, չի հապաղի, անմիջապես խոսքից գործի կանցնի, չէ որ այդ ամենն իր հայրենիքի ու իր զավակի համար է, -ասում է Վայքի ավագանի տիկին Թամարան:

- Ես իմ աշխատանքային խմբի հետ ներկայացրել եմ 16 հիմնախնդիր, որոնց լուծմանն են ուղղված լինելու իմ ջանքերը: Ի դեպ, մեր համայնքը այն եզակիներից է, որ որևէ միջազգային կամ տեղական ծրագիր ներդնելիս բոլորս կամովին, անվճար հիմունքներով մեր աշխատուժի օժանդակությունն ենք առաջարկում: Մարդիկ սիրով են անում այն գործերը, որոնք ուղղված են մեր համայնքի զարգացմանը: Արդյունքում՝ շահում է ամբողջ համայնքը: Հիմա՝ այս փուլում, նոր այգիներ ենք ուզում հիմնել, ուստի առաջին նիստի ժամանակ ես կանեմ այդ առաջարկությունը և կներկայացնեմ իմ մոտեցումները: Համայնքը ակտիվ պետք է լինի,- եզրափակում է իր խոսքը Գոմք գյուղի ավագանի , մանկավարժ Նունե Ավագյանը: 

-Ես մինչև ավագանի դառնալս մտածել եմ, որ յուրաքանչյուր համայնք ինքը պետք է որոշի , թե որն է իր առաջնային խնդիրը, ուստի որոշել եմ հարցախույզ անցկացնել, հետո արդյունքները վերլուծելուց հետո կազմել սեփական պլաններս: Կարծում եմ՝ համայնքապետն էլ կաջակցի, ի վերջո այն, ինչ պետք է արվի, գյուղի և նրա բնակիչների համար է արվելու, -ասում է Աղնջաձոր գյուղի ավագանի, բուժքույր Լիանա Ավետսիյանը: 

-Ես գտնում եմ, որ Արենիի նման համայնքը հանրապետական նշանակություն ունի, ուստի այնտեղ կան խնդիրներ, որոնք առաջնահերթ պետք է լուծվեն, առանց դասակարգման: Այդպիսի հիմանխնդիրներից են գյուղամիջյան կամրջի հիմնաորոգումը և մանկապարտեզի հիմնումը: Նման գյուղին աչքաթող անել չի կարելի: Ճիտ է, ես չընտրվեցի որպես համայնքապետ, բայց պատրաստ եմ համայնքիս համար լավ գործ կատարել, -լավատեսորեն ավարտում է իր խոսքը Մարիամ Սենեքերիմյանը 

Եվ այսպես շարունակ կարելի է լսել մյուսներին, ես լցվեցի հպարտության զգացումով: Ինչ լավ է, որ վայոցձորյան հողը ծնել է նման կանայք, որոնք ունեն իրենց ուժն ու եռանդը համայքին անմնացորդ նվիրելու հաստատուն կամք: Սպասենք նոր նախաձեռնությունների:
_______________________________________

Վայոց ձոր. Խոստումնալից սկիզբ…

 Վայոց ձորի մարզում առանձնապես մարդկանց ուշադրության կենտրոնում չի եղել քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության չափը: Պատճառները, կարծում եմ, հայտնի են, քանի որ բոլոր մարզերն էլ ունեն նույն խնդիրները՝ կարծրատիպեր, մարդկանց մտածելակերպի միօրինակություն, բարքեր, ավանդույթներ և իհարկե նաև հոգեբանական պահ՝ անվստահություն ընտրական գործընթացների և սեփական հաղթանակի հանդեպ: Սկզբից, երբ բանավոր և հեռախոսով հարցումներ էինք կատարում մարզի տարբեր համայնքներում՝ գտնելու կանանց հնարավոր թեկնածուներ ավագանի առաջադրվելու նպատակով, կանայք նախ զարմանում էին, սակայն երբ լրջորեն բացատրվում էր իրենց դերը, առաջնորդ լինելու մեջ սեռի կարևոր չլինելը և հետագայում կնոջ գործոնի արդյունավետությունը, կարծես սառույցն սկսվում էր հալչել:

Առաջին հեթին հարկավոր է կանանց մոտ կոտրել կարծրատիպերը, որովհետև միայն նախապաշարումներից ազատագրված կինը կարող է իր իրավունքները պաշտպանել, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել և օգտակար գործ կատարել: Անշուշտ, մարզում գտնվեցին նման կանայք, որոնք ցանկացան ճեղքել տարիների փակուղին: Նրանք ոչ միայն համաձայնեցին, այլև ցուցաբերեցին քաղաքացիական հստակ դիրքորոշում: Այդ կանայք շատ լավատես ու լիահույս են կատարվելիք բարեփոխումների հանդեպ և պատրաստ են իրականացնել բազում նպատակներ՝ հանուն իրենց երեխաների լուսաշող ապագայի: Կանայք թե′ Սյունիքում, թե′ Վայոց ձորում շատ հետաքրքիր կարծիքներ են հնչեցրել համատեղ բուկլետներում: Ինչու են նրանք ցանկանում դառնալ ավագանի... տարբեր են ցանկությունները, մոտեցումները, բայց բոլորի նպատակը մեկն է՝ հանուն հայրենի երկրի, քաղաքի, գյուղի շենացման: Ու այդ ամենը՝ անմնացորդ նվիրումով, անշահախնդիր կեցվածքով: Մի բան բոլորի մոտ պարզ էր միանշանակ՝ հայ կինը վաղուց, շատ վաղուց է եղել փափկասուն, հիմա նա հերոսուհի է, առաջնորդ է, նա կառուցող է և պատրաստակամ, նա չի հոգնում, չի հիասթափվում, երբեք չի հուսահատվում, որովհետև պայքարի է դուրս եկել անտարբերության դեմ, անորոշության դեմ: Հետդարձի ճանապարհ այլևս չկա, ասպարեզ տվեք հայ կնոջը: Թող հաղթարշավ լինի ձեր ավագանի ընտրվելու գեղեցիկ փաստը, սիրելի վայոցձորուհիներ՝ Թամարա Ղազարյան, Գայանե Հարությունյան, Նունե Ավագյան, Լիանա Ավետիսյան, Տանյա Մարտիրոսյան: Ձեզ անսպառ եռանդ, մտքի բարձր թռիչք, լավի, ճշմարիտի արարման ճանապարհին մեծ ուժ և կորով:
_________________________________

Նոր շունչ համայնքի կառավարմանը

<Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում>  ծրագրում ներառված համայնքներում 09.09.2012թ. /Սյունիքի մարզ/ և 23.09.2012թ.  /Վայոց ձորի մարզ/  կայացած ընտրությունների արդյունքների մասին


Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 21 համայնքներում: Առաջադրված 37 կանանցից 25-և ընտրվել են, որը կազմում է առաջադրվածների 67,6%:
Մեղրու տարածաշրջան / Սյունիքի մարզ

Մեղրի քաղաքային համայնք/ Սարգսյան Շուշանիկ/

Ագարակ քաղաքային համայնք /Մանուկյան Բուրաստան/

Լիճք գյուղական համայնք /Մարգարյան Թագուհի/

Տաշտուն գյուղական համայնք /Բաղրամյան Հեղուշ/

Կարճևան գյուղական համայնք /Ասատրյան Անահիտ/

Առաջադրված 7 կանացից 5 –ը ընտրվել են ավագանու անդամներ

Կապանի տարածաշրջան/ Սյունիքի մարզ

Կապան քաղաքային համայնք/ չի ընտրվել. 54 թեկնածուից 15 անդամ պետք է ընտրվեր/

Ագարակ գյուղական համայնք /Հարությունյան Նունե/

Ներքին Հանդ գյուղական համայնք /Ոսկանյան Անահիտ, Հովհաննիսյան Արմինե/

Եղվարդ գյուղական համայնք /չեն ընտրվել/

Սյունիք գյուղական համայնք /Թամրազյան Լիդա, Եգանյան Գոհար/

Նորաշենիկ գյուղական համայնք /Կարապետյան Ջուլետա, Ավանեսյան Աննա,Թումանյան Գայանե/

Առաջադրված 13 կանացից 8 –ը ընտրվել են ավագանու անդամներ

Գորիսի տարածաշրջան/ Սյունիքի մարզ

Գորիսի քաղաքային համայնք/ Տորոզյան Ռուզաննա/

Հալիձոր գյուղական համայնք /Ասրյան գայանե, Խաչյան Մարինա, Մկրտչյան Սաիդա/

Խնածախ գյուղական համայնք /Թավադյան Նինա/

Քարահունջ գյուղական համայնք / համայնքի ղեկավար- Լուսինե Ավետյան

Ավագանու անդամ- Մկրտչյան Ռամելա-/

Առաջադրված 10 կանացից 7 –ը ընտրվել են ավագանու անդամներ:

Աջակցություն է ցուցաբերվել նաև Սիսիան քաղաքում առաջադրված Սրբուհի Գրիգորյանին, որը ևս ընտրվել է ավագանու անդամ

Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններ / Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր քաղաքային համայնք /Հարությունյան Գայանե/

Վայք քաղաքային համայնք /Ղազարյան Թամարա/

Գոմք գյուղական համայնք /Ավագյան Նունե/

Աղնջաձոր գյուղական համայնք /Ավետիսյան Լիանա/

Քարագլուխ գյուղական համայնք /Մարտիրոսյան Տանյա/

Արենի գյուղական համայնք / համայնքի ղեկավարի թեկնածու չի ընտրվել /

Առաջադրված 7 կանացից 5 –ը ընտրվել են ավագանու անդամներ

Комментариев нет:

Отправить комментарий